ԳլխավորԼուր

Ոստիկանները վտարել են ՊՆ նախկին շենքում բնակվողներին

ՊՆ նախկին շենքում բնակվող երեխա

ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքից այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացրել, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին (ՊՆ–ն 2008 այլ շենք է տեղափոխվել 2008-ին- խմբ.)։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։

Ըստ բակում հավաքված բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 մարդ։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ծառայողները պաշտպանության նախարարության նախկին շենքում իրականացվող վտարման գործողության ժամանակ մոտ երկու տասնյակ անձի վարչական կարգով ձերբակալել են։

«Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության 707 որոշման և ՊԵԿ-ի կողմից տրամադրած գրության հիման վրա, որը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջ է»,–ասել է Ազիզյանը։

Նա ընդգծել է, որ ոստիկանները չեն ներխուժել շենք, այլ ներխուժումն են վերացրել։

«Բնակիչները նախապես զգուշացվել են, ողջամիտ ժամանակ է տրվել դեռևս անցած տարի, որից հետո այս տարվա հունվարի 31–ին տրվել է ժամկետ, փետրվարի 12–ին լրացել է ժամկետը։ Նախապես իրազեկել ենք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությանը, և նրանք իրենց գործառույթն իրականացնում են»,–ասել է Գևորգ Ազիզյանը։