ԳլխավորԼուր

Պարգևատրվել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

Պարգևատրվել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

Ամփոփվել է 2023 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Այս մրցույթի առանցքային իմաստներից մեկը երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ներկայացման խրախուսումն է՝ որպես կրթական գործընթացի անխուսափելի բաղադրիչ»,- շնորհավորելով մրցույթի մասնակիցերին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և կոչ արել երիտասարդներին չվախենալ իրենց մտքերն ու գաղափարները բարձրաձայնելուց՝ դա դարձնելով իրենց առօրյայի մաս:

Նախարարը նշել է, որ տարեցտարի աճում է հետարքրքությունը մրցույթի նկատմամբ. նախորդ տարի ներկայացվել է 54 հայտ, այս տարի՝ 66:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 66 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Ճարտարապետական գիտություններ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը: Կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ «Գյուղատնտեսական գիտություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող գաղափարներն են՝

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Նունե Մկրտչյան, Սիլվա Մովսիսյան, Մաքսիմ Գրիգորյան, նախագիծը՝ «Օպտիկական տատանագրիչ»,

Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում՝ կենսաբանական գիտություններ)՝ Անի Հարությունյան, Ջեմմա Մանոյան, Աստղիկ Համբարձումյան և Դիանա Հակոբյան, նախագիծը՝ «Ֆիկոցիանինից սինթեզված նանոմասնիկները՝ խոստումնալից հակաբակտերիական միջոց»,

Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում՝ կենսաբանական գիտություններ)՝ Մանե Թադևոսյան, նախագիծ՝ «Ինչպե՞ս թափոնից ստանալ արժեքավոր նյութեր»,

Տեղեկատվական տեխնոլոգիաններ (այդ թվում՝ ռազմական գիտություններ)՝ Լիլյա Հովհաննիսյան, նախագիծ՝ «Վաղ ազդարարման սեյսմիկ համակարգ»,

Մանկավարժական գիտություններ՝ Ջուլիետա Վարդանյան, նախագիծը՝ «TeenOri»:

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին: