ԳլխավորԼուր

Ձերբակալվել է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիմնավորվել է, որ Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, կառավարել է նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ։

Բացի այդ, նա ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800 մլն դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):

ՀՔԾ–ն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը եղել է քննչական կոմիտեի նախագահ 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Comment here