ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ, հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:
Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանի տարբեր քաղաքներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին ու ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄէ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում։



