ԳլխավորԼուր

Կոլումբիայի համալսարանի ձերբակալված ուսանողը բանտից կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները

Ուսանողական բողոքի ակցիա ԱՄՆ-ում

Ինը օր առաջ Կոլումբիայի համալսարանում ձերբակալված պաղեստինցի ցուցարար Մահմուդ Խալիլը Լուիզիանայի կալանավայրից ուղարկված նամակում գրել է, որ ինքը «քաղաքական բանտարկյալ» է:

Խալիլը ձերբակալվել է մարտի 9-ին, նրան սպառնում է արտաքսում «ՀԱՄԱՍ-ի հետ կապված գործողությունները ղեկավարելու համար»։  Նա Կոլումբիայի համալսարանի «Ազատագրում ապարտեիդից» խմբավորման ղեկավարն էր,  նրա ձերբակալությունը հակաիսրայելական համալսարանական բողոքի ակցիաների զանգվածային ճնշման մաս է կազմում։

Խալիլն իր ձերբակալությունն անվանել է «խոսքի ազատության իմ իրավունքի իրականացման անմիջական հետևանք, քանի որ ես հանդես էի գալիս ազատ Պաղեստինի և Գազայի ցեղասպանության դադարեցման օգտին, որը վերսկսվեց ամբողջ ուժով մարտի 17-ի երեկոյան Գազայում իսրայելական ավիահարվածներով, որոնք վերջ դրեցին երկամսյա հրադադարին»։

Խալիլը նաև մեղադրել է Կոլումբիայի համալսարանի ղեկավարությանը իր ձերբակալության մեջ՝ հայտարարելով, որ նրանք «հիմք են դրել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը թիրախավորի ինձ ՝ կամայականորեն կարգապահական գործողություններ կիրառելով պաղեստինամետ  ուսանողների նկատմամբ և թույլ տալով, որ ռասիզմի և ապատեղեկատվության վրա հիմնված վիրուսային արշավները մնան անվերահսկելի»:

Թրամփի վարչակազմը, հրեական մի շարք խմբերի հետ միասին, մեղադրում էին Կոլումբիայի համալսարանին այն բանի համար, որ բավարար միջոցներ չի ձեռնարկել պրոպաղեստինյան ցույցերը կանխելու համար, որոնք, ըստ հրեա ուսանողների,  թշնամական մթնոլորտ են ստեղծել:

Ձերբակալությունից անմիջապես առաջ Թրամփի վարչակազմը սառեցրել էր Կոլումբիայի համալսարանին 400 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհների տրամադրումը «համալսարանական հակասեմիտիզմի պատճառով»։

Համալսարանի ղեկավարությունն անցած շաբաթ արձագանքեց դրան՝ պատժամիջոցներ կիրառելով մի շարք ուսանողների նկատմամբ:

Իր նամակում Խալիլը կոչ է արել շարունակել բողոքի գործողությունները։

«Առաջիկա շաբաթներին ուսանողները, փաստաբաններն ու ընտրված պաշտոնյաները պետք է միավորվեն՝ պաշտպանելու Պաղեստինի համար բողոքելու իրավունքը։ Վտանգված են ոչ միայն մեր ձայները, այլև բոլորի համար հիմնարար քաղաքացիական ազատությունները»,-հայտարարել է նա:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews