ԳլխավորԼուր

300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով. օրենքն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ» (ՔՊ), 28 «դեմ» («Հայաստան» դաշինք), 5 «ձեռնպահ» («Պատիվ ունեմ») ձայներ:

Տեղեկացնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում ԿԲ–ի առաջարկած փոփոխություններով առաջարկվում է 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

Ընդ որում, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, ԿԲ–ն խոստանում է մինչև 2024թ–ը նվազեցնել իրավաբանական անձանց բանկային միջնորդավճարները, որպեսզի տնտեսվարողներն անկանխիկ գործառնությունների արդյունքում չտուժեն։