ԳլխավորԼուր

1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար նաև մասնավոր դպրոցներում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենքի նախագիծը, ըստ որի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 89 «կողմ», 10 «ձեռնպահ» ձայներ:

Սահմանվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

Հավելենք, որ Հայաստանում գործում են 48 ոչ պետական դպրոցներ։

Հունվարի 17-ին ԱԺ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախագծին և ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է:

«Խոսքն ամենևին սոցիալական աջակցության ծրագրի մասին չէ։ Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ տարրական դասարանների դասագրքերը մեր երկրի բոլոր երեխաներին, բացառությամբ ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների, տրամադրվում են անվճար՝ պետական բյուջեի հաշվին։

Ինչ վերաբերում է 5-12-րդ դասարանների դասագրքերին, ապա գործում է սոցիալական աջակցության ծրագիր, և յուրաքանչյուր դպրոց ունի հնարավորություն աշակերտական կազմի մինչև 10 տոկոսին դասագրքերը տրամադրելու անվճար։ Բացի դրանից՝ ունենք սոցիալական աջակցության ծրագիր սահմանամերձ համայնքների համար, որտեղ բոլոր աշակերտներին 5-12 դասարաններում դասագրքերը տրամադրվում են անվճար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պետությունը սոցիալական աջակցության քաղաքականությունը բավարար չափով իրականացնում է։

Նրա խոսքով՝ երեխաների իրավունքը չպետք է կախված լինի նրանից, թե ինչ ուսումնական հաստատությունում են սովորում։