ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսով վարակման 7-րդ դեպքն է գրանցվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի՝ 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Արցախում ապրիլի 17-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։

Comment here