Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։
Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա խորագիրն է՝ «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ»։
Փառատոնի մեկնարկին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ու Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նա շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնոցի-հարոցի» խոհարարական մրցույթը, որի արդյունքներով՝
- «Լավագույն մատուցում» անվանակարգում հաղթել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը
- «Լավագույն համ» անվանակարգում՝ Վարդենիսի պետական Բադեյան քոլեջը
- «Լավագույն մտահղացում» մրցանակը շնորհվել է Հայ-հունական պետական քոլեջին։
Արհեստների փառատոնը կշարունակվի նաև վաղը՝ հունիսի 22-ին։
Գավառ այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews