ԳլխավորԼուր

ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա, Թեհրանն էլ հարվածել է Իսրայելին. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա

ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբերով գիշերը հարձակվել է Իրանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածներից հետո դիմել է ազգին և հայտարարել, որ հարվածների նպատակը Իրանի միջուկային հնարավորությունները սահմանափակելն է:

Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներին պատասխանելու Իրանի ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ կբերի: Նա ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անվանել է «պատմական պահ», պահանջել իրանցիներից համաձայնել «ավարտել պատերազմը» և սպառնացել նոր հարձակումներով Իրանի վրա, եթե համաձայնություն չլինի:

Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը կիրառել է վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա 12 «հակաբունկերային ռումբեր» նետելու համար: Դրանք կարող են կրել 30,000 ֆունտ (13 տոննա) GBU-57А/B MOP «բունկերային» ռումբեր: Գործի են դրվել նաև 30 «Տոմագավկ» թևավոր հրթիռներ։

Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռներից մեկը «ռումբերի ամբողջական զինապաշար» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա, ինչպես նաև հարվածներ են հասցվել Նաթանզում և Սպահանում գտնվող օբյեկտներին: Հարձակումը, Թրամփի կարծիքով, շատ հաջող էր։ Նա հայտարարել է, որ Իրանի ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ, իրանական Mehr News պարբերականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված օբյեկտները հարվածից որոշ ժամանակ առաջ տարհանվել են:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ունի իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր տարբերակները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: Այս հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Առավոտյան իրանական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հայֆային և Թել Ավիվին։

Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 20 հրթիռ։

Լրացում. Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունը կրել է «Կեսգիշերային մուրճ» անվանումը, այն գաղտնի պատրաստվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Հարվածների համար օգտագործվել են յոթ B-2 ռմբակոծիչներ, որոնք 14 հակաբունկերային ռումբ են նետել ստորգետնյա օբյեկտների վրա։ Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել է ավելի քան 120 ինքնաթիռ, դրանք Իրանի տարածքում մնացել են շուրջ 20 րոպե: Միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է 75 զինամթերք։

Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։