ԱրցախԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված մոտ 300 ուսանող դիմել է հայաստանյան բուհեր

Ուսանողներն ԱրՊՀ-ում

Արցախից բռնի տեղահանված մոտ 300 ուսանող կրթությունը շարունակելու համար արդեն դիմել է հայաստանյան համապատասխան բուհեր:

Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- ասաց փոխվարչապետը:

Հավելենք, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով, այդ թվում 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ: 

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածների մեջ միայն Արցախի պետական համալսարանի ուսանողների թիվը 3 հազար է։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ:

Արխիվային լուսանկարում՝ ուսանողներն ԱրՊՀ-ում