Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը՝ առկա և 36-ը՝ հեռակա:
Նշված 180 տեղից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա:
Որոշման արդյունքում՝ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել էր 270 անվճար տեղ, որից 180-ը՝ առկա, 90-ը՝ հեռակա:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews