Նախորդ տարի ավելի քան 760 ուսուցիչ չի հաղթահարել կամավոր ատեստավորման փուլը. այս մասին հուլիսի 6-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նշենք, որ 2022-2023-ին ատեստավորմանը հայտ ներկայացված 4000 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը (60%), որոնցից 1518 (66%) անցել է ատեստավորումը, իսկ հավելավճար է ստանում 1059 ուսուցիչ, որը կազմում է մասնակիցների շուրջ 46%-ը։
Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցեց կրթության սոցիոլոգ Մարինա Գալստյանի հետ:
Նրա խոսքով` կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել ատեստավորման գործընթացում նվազագույն շեմը չհաղթահարելու հարցում: Դրանցից առաջինը, նրա պնդմամբ, կապված է այն հանգամանքի հետ, որ շատ ուսուցիչներ պատշաճ չեն իրազեկվել թեստերի կառուցվածքի, բովանդակության վերաբերյալ:
Մյուս գործոնը կապված է ուսուցիչների տարիքի հետ (2020-2021թթ. ուսումնական տարում ուսուցիչների թիվը կազմել է 31 130, որից շուրջ 47%-ը 50 և ավելի բարձր տարիքի է, իսկ մինչև 30 տարեկան ուսուցիչները կազմում են ընդամենը 9%). «Բարձր տարիքի շատ ուսուցիչներ ունեն բավականաչափ գիտելիքներ` շեմը հաղթահարելու համար, պարզապես թեստերից գլուխ չեն հանում: Կան նաև ուսուցիչներ, որոնք մասնագիտացած են հիմնական դպրոցում, տարիներ շարունակ ավագ դպրոցում չեն աշխատել և որոշակի գիտելիքների մասով բավական պասիվ են»,-ասաց Մարինա Գալստյանը:
Նա նաև նշեց, որ թեստերում եղել են այնպիսի հարցեր, որոնք ունեցել են երկակի պատասխաններ, նվազագույնի շեմը չհաղթահարած ուսուցիչների վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հանկարծակիության գործոնը, էմոցիոնալ առումով անպատրաստվածությունը. «Եվ վերջապես, կան նաև ուսուցիչներ, որոնք իսկապես չեն տիրապետում առարկայական գիտելիքներին»,-շեշտեց կրթության սոցիոլոգը:
Հավելենք, որ առաջին տարում (2021-2022թթ.) իրականացված կամավոր ատեստավորմանը հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել է 996-ը (72,6%-ը), որոնցից 650-ը (65%-ը) անցել է ատեստավորումը, իսկ հավելավճար է ստանում 481 ուսուցիչ, որը կազմում է մասնակիցների շուրջ 48,2%-ը: 2021-ին ատեստավորմանը մասնակցել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 30253 ուսուցիչների շուրջ 3%- ը։
Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ այս տարի վերջին տվյալներով` կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ՝ հանրապետության ուսուցիչների 13 տոկոսը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



