Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել. մանկավարժները, ծնողները բողոքում են, որ նոր այբբենարանում բացակայում է Մեսրոպ Մաշտոցի նկարը, չկա նաև հայոց գրերի գյուտի մասին տեղեկություն։
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման՝ ԿԳՄՍՆ-ից մասնավորապես հայտնել են.
«Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցը ներկայացվում է կերպարի բացահայտման այլ տարբերակով ևս՝ առաջին երեք տառերը սովորելուց հետո «է» տառի ուսուցման ընթացքում այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,–նշված է պատասխանում։
Ավելի ուշ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի ֆեսբույքան էջում տեսանյութ է հրապարակել ««Այբբենարանում Մաշտոցը չկա» պնդումը կեղծ է» վերնագրով։
Տեսանյութին արձագանքողների մեծ մասը նշում է, որ սխալ է առաջին դասարանցի երեխային այդպիսով պարտադրել, որ հեռախոս ունենա ու դրանից ավելի կախվածության մեջ գցել, ինչպես նաև՝ որ երեխային պետք է սովորեցնել գրքի ու տեքստի հետ աշխատել։
Ահա մի քանի մեկնաբանություն.
«Հեռախոսում, Google-ում ամեն ինչ էլ կա։ Գրքում չկա։ Տեսնես գոհ եք ձեր հանած գրքերից ու առավել ևս օրենքներից դպրոցի մասին»։
«Իսկ ինչո՞ւ պետք է 5,5-6 տարեկան երեխան QR կոդով լսի ու սովորի Մեսրոպ Մաշտոցի մասին,ամեն բան պարտադրաբար տանում եք դեպի հեռախոս և համակարգիչ,դրա համար գիրք էլ չեք տպում ու բաժանում դպրոցներին,դե էլ գիրքն ի՞նչ ենք անում,կարևորը աշխատանքային տետրերը ժամանակին տպվում և բավականին բարձր արժեքներով վաճառվում են,կարևորը ձեր բիզնեսը ծաղկի»։
«Մաշտոցի նկարը պետք է տեսանելի լինի, իսկ այդ QR կոդերը առհասարակ շատ սխալ է, դրանք դպրոցականին ավելի է կախվածության մեջ գցում հեռախոսից։ Ու խնդիրը միայն այբբենարանը չէ, այլ ամբողջ նոր հրատարակած դպրոցական գրքերն են, որոնց մեջ իմաստային բովանդակությունը բացակայում է»։
«Ամեն նկարի համար տեղ կար, Մաշտոցի համար’ ոչ!!! Դեռ մի բան էլ` QR code? Ու համարում եք, որ պարզաբանում արեցիք «ինչ֊որ չնչին բանի» համար աղմուկի հետ կապված… Դուք ո՞նց եք ճանաչել Մաշտոցին»։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



