ԳլխավորԼուր

Բաչկովին հաղթանակ է շնորհվել. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը

Հովհաննես Բաչկով

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թաիլանդը ներկայացնող բռնցքամարտիկին, մինչդեռ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Այս մասին նշված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

«Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը:

Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»,-նշված է գրառման մեջ։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացուցիչներն են գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ու 63,5 կգ քաշային, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

Հիշեցնենք՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։

ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

Comment here