ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկները գիշերը ռինգում են մնացել. ԶԼՄ

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ժամանակ հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև գիշերվա ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մարզիկների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են մնացել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներն ու մրցաշարի կազմակերպիչները։

Միաժամանակ մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն էին հայտնել նաև ուկրաինական պատվիրակության անդամները։

Բոյկոտի արդյունքում մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։

Նշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել էր իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, որինմրցավարները հաղթանակ էին շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):

Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, հրաժարվել էին լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։

Ռինգ էր մտել նաև ուկրաինական պատվիրակությունը՝ դժգոհ ուկրաինացի բռնցքամարտիկ Յուրի Զախարաևի և բրիտանացի Մոհամեդ Հարիս Աքբարի մենամարտի վերաբերյալ մրցավարների որոշումներից։

Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել։

Այսօր ժամը 17:00-ին պետք է սկսվեն եզրափակիչ մենամարտերը, իսկ մինչ այդ մրցավարները ստիպված կլինեն որոշել եզրափակիչի մասնակիցներին։

Հավելենք, որ եզրափակի է հասել Հայաստանի երեք մասնակից՝ Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը ու Ռաֆայել Հովհաննիսյանը։ 

Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Մահրաուին է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է: