ԳլխավորԼուր

Բացվել է դիահերձարան՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների համար

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրներով։

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։

Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։

Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ»։

Հավելենք, որ մինչ օրս արգելվում էր կորոնավիրուսով վարակված ու մահացած մարդկանց դիահերձումը։

Comment here