Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 7-ին պաշտոնապես բացվել է ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը։ Կենտրոնը ստեղծվել է ԵՊՀ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ամուր հիմքերի վրա դնելու Հայաստանում ժողովրդագրության զարգացումը: Միջոցառման ժամանակ ազդարարվեց նաև «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով» ծրագրի մեկնարկի մասին։
Նորաբաց կենտրոնը նպատակ ունի արձագանքելու ժողովրդագրական այն լրջագույն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը՝ ծնելիության մակարդակի և միտումների վերլուծությունից մինչև միգրացիոն գործընթացներ, կյանքի տևողության և առողջ երկարակեցության հետ կապված հարցեր և այլն։
Կենտրոնը միավորելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակի գիտնականների, փորձագետների, պետական կառույցների ներկայացուցիչների և քաղաքականություն մշակողների՝ ոչ միայն վերլուծելու, այլև կիսվելու արդյունքներով, կրթելու հանրությանը և բարձրացնելու իրազեկվածության մակարդակը։
ՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի առաքելությունը, նպատակները, տեսլականը։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից և ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
Ելույթներին ու հարցուպատասխանին հաջորդել է «Կրկնակի հերթափոխ. կանանց անտեսանելի աշխատանքը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կանանց սոցիալական ու տնտեսական դերի՝ հաճախ անտեսված, սակայն կարևոր նշանակություն ունեցող աշխատանքները։






