ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն կհամագործակցի Կատարի համալսարանի հետ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի նախագահ Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը հունիսի 13-ին Դոհայում  ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։

Ըստ համաձայնագրի՝ բուհերը կիրականացնեն ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, կծավալեն հետազոտական համատեղ գործունեություն, կկազմակերպեն հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ և մագիստրատուրայի կրկնակի ծրագրերի իրականացման նպատակով կկատարեն համապատասխան աշխատանքներ։

Բացի դրանից՝ համաձայնագրով նախատեսվում է  Կատարի համալսարանում հիմնել հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում նոր թափ հաղորդել արաբագիտության բնագավառի զարգացմանը։

ԵՊՀ-ն և Կատարի համալսարանն այսուհետ կփոխանակեն նաև կրթական, գիտական ու մեթոդական գրականություն և կիրականացնեն տարաբնույթ այլ ծրագրեր։