ԳլխավորԼուր

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն առաջին շրջանավարտները տվեց

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն առաջին շրջանավարտները տվեց

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՍԹԵՄ ավագ դպրոցի առաջին 7 շրջանավարտների «Վերջին զանգ» միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, ուսուցչական աշխատակազմը, ինչպես նաև ծնողներն ու հյուրերը:

ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց.

«Այս դպրոցը սկսվեց երազանքից։ Այն, ինչ սկսում է երազանքից, չի կարող վատը լինել: Շատ լավ հիշում եմ խոսքերս, որ ասել եմ առաջին աշակերտներին ընդունվելու ժամանակ։ Այն է՝ դուք արդեն հաջողակ եք, որովհետև դուք 100-ամյա բուհի առաջին դպրոցի անդրանիկ սաներն եք։ Առաջին լինելը և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ կարևոր ձեռքբերում։ Ցանկանում եմ, որ միշտ երազեք՝ փոխելու աշխարհը։ Լիահույս եմ՝ ձեր մեջ կլինեն բժշկության, գիտության, տնտեսագիտության ոլորտների մեծանուն գիտնականներ ու հետազոտողներ։ Երազեք շա՛տ, քայլեք համարձա՛կ»:

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանն իր ելույթում նշեց.

«Այսօր ճանապարհում ենք մեր դպրոցի առաջին շրջանավարտներին։ Երկու տարի առաջ, երբ ողջունում էի նրանց, նրանք լցված էին սպասումներով, հույսերով, իսկ այսօր արդեն կայացած անհատներ են։ Դժվար է ասել, թե որ սպասումներն արդարացան կամ չարդարացան, բայց մի բան վստահ կարող եմ ասել՝ ՍԹԵՄ դպրոցը պարզապես ուսումնական հաստատություն չէ, այն մեծ ու ջերմ ընտանիք է, որը միասին ենք ստեղծել։ Եվ այո՛, այստեղից բաժանվելը հեշտ չէ։ Սիրելի՛ շրջանավարտներ, սա ձեր կյանքի մի շրջափուլ է, որի ավարտից հետո յուրաքանչյուրդ քայլելու եք ձեր մասնագիտական ճանապարհով։ Գիտելիքն ու արժեքները, որոնք ստացել եք այստեղ, ձեզ հետ են լինելու միշտ՝ որպես փարոս։ Հանդուրժո՛ղ եղեք, արարո՛ղ եղեք և հավատացե՛ք ձեր ուժերին»։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews