ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ իրեր են հայտնաբերել քննական կենտրոններում։
«Սա մի փոքր, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ առգրավել են մեր քննական կենտրոնների ղեկավարները քննական 4 օրերի ընթացքում։ Առջևում 2 քննական օր դեռ կա՝ հունիսի 24-ին և 27-ին։ Խնդրում ենք ձեզ, հարգելի դիմորդներ, մեր սիրելի երեխաներ, մի փորձեք ավելորդ իրեր տանել քննասենյակ։ Դրանք ձեզ միայն խանգարելու են։ Հայտնաբերվելու դեպքում, նույնիսկ եթե չեք հասցրել օգտվել, միևնույն է, ձեր քննությունը դադարեցվելու է և դուք դուրս եք հրավիրվելու քննասենյակից։
Վերջին լուսանկարը տեսնում եք՝ սեղանին դրված մաթեմատիկայի լուծված թեստը, և դրա վերևում հուշաթերթիկը կամ, որ բոլորին հասկանալի լինի՝ «շպարգալկան»։ Ու գիտե՞ք, այդքան աշխատանքից հետո այս հուշաթերթիկից դեռևս չօգտված դիմորդը հեռացվել է քննությունից։ Արժե՞ ռիսկի դիմել ու նման անհեթեթ պատճառով քննություն չհանձնել, տարի կորցնել։ Ինքներդ մտածեք։
Մյուս լուսանկարներում լարեր ու ականջակալներ են, որոնց տերերը նույնպես դուրս են հրավիրվել։
ԳԹԿ-ն նորից հիշեցնում, խնդրում և հորդորում է վաղվա և ուրբաթ օրվա մեր բոլոր դիմորդներին՝ ավելորդ ամեն ինչ՝ հեռախոս, սմարթ ժամացույց, ականջակալ, այսպիսի թղթային «շպարգալկաներ»՝ նույնիսկ այսքան տանջված-ճմրթված, ներս չտանել քննասենյակ։ Ձեռնպահ մնացեք լարերով հագեցած «դիզայներական յուրօրինակ լուծումերով» հագուստով քննության գնալուց։ Ծնողներին ևս խնդրում ենք ուշադիր լինել իրենց դիմորդ-երեխաների նկատմամբ, վերցնել նրանցից ավելորդ ամեն ինչ, ինչը կխանգարի կենտրոնանալ քննության վրա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննություններն անցկացվում են հունիսի 10-ից հունիսի 27-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews