ԳլխավորԼուր

Մշակութային հաստատությունների ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Օպերայում. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կառավարության ծրագրով նախատեսված գործողություններից մեկն այն է, որ մշակութային հաստատությունները, պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում, պետք է հոգ տանեն նաև սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ: Այս չափանիշներով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ 2021 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 773,9 մլն դրամ, միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել են 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով միջոցներ: Մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, և հաստատությունների 90 %-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ:

«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2022 թվականին թատրոնի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614,4 մլն դրամ. սա միայն տոմսերի վաճառքի գումարն է, քանի որ ընդհանուր արտաբյուջեն թատրոնի համար կազմել է ավելի քան 749 մլն դրամ, այսինքն՝ թատրոնը 2019 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկել է իր սեփական եկամուտների ծավալը:

Ըստ նախարարի՝ 2023 թվականի համար թատրոնը կանխատեսել է, որ կգրանցի շուրջ 841 մլն դրամի սեփական եկամուտ։ Այս տարի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 1.4 մլրդ դրամի ֆինանսավորում է ստացել: «Կանխատեսվող սեփական եկամուտների չափը հաշվի առնելով` թատրոնի ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմեր 1.68 մլրդ դրամ, և այդ պարագայում փորձնական մոդելի ներդրման շրջանակում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233.5 մլն դրամ»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ այդ միջոցների շրջանակում թատրոնը պետք է բեմադրի առնվազն 2 նոր ներկայացում ` հրավիրելով նաև արտերկրի մասնագետների։

Ֆինանսավորման նոր մոդելի արդարացման դեպքում մինչև 2026 թվականն այն կներդրվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող բոլոր 21 թատերահամերգային կազմակերպություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։