ԳլխավորԼուր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյան

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը նվաճեց Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց  8,5 միավոր եւ առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, որը լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց հաղթող։

Վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ։  Մատիաս Բլյուբաումը ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ։

Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում էր Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած էր 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:

Մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, երրորդը` 10 հազար եվրո:

Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կավարտվի ապրիլի 7-ին:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 9 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովսեփյանը։