Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար:
Որպես կարևոր շեշտադրում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ ծրագրի գլխավոր նպատակն այն է, որպեսզի տվյալ համայնքը, հռչակվելով տարվա երիտասարդական մայրաքաղաք, այդ շունչը պահպանի ոչ միայն ընթացիկ տարում, այլև հետագայում ևս՝ որպես ձևավորված ավանդույթ:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Իմ հին ու նոր Բայազետ» երգի պրեմիերան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ: