Փամբակ գետում հայտնաբերվել է Վանաձորում կորած քույրերից մեկի մարմինը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Այսօր` ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը»,– հայտնում է ՆԳՆ-ն։
13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկներ, որոնք, ըստ լրատվամիջոցների, քույրեր են։ Այդ օրը՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։



