ԳլխավորԼուր

Գևորգյան հոգևոր ճեմարանը 2021-2022 ուստարում ավարտեց 24 սան

Հունիսի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2021-2022 ուսումնական տարվա փակման հանդիսությունը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Այնուհետև հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը։ Ճեմարանի 5-րդ լսարանի սան Սեյրան սարկավագ Վահրադյանն ասմունքեց Կոստան Զարյանի «Մեր Հայրենիքը» բանաստեղծությունը: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Նարեկ սարկավագ Գասպարյանը։

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողները:

Ցերեկույթի վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը:

Անդրադառնալով մերօրյա հոգևոր հովիվների առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծեց. «Եկեղեցականն այսօր պետք է լինի Աստծո պատվիրանների օրինակելի իրագործողը, սփոփողը որդեկորույս ընտանիքի, օգնականը կեղծ արժեքներից շփոթահար երիտասարդի, աջակիցը կարիքի մեջ գտնվողի, քաջալերողը վհատված զինվորի և hոգևոր խորհրդատուն, հարկ եղած դեպքում՝ նաև հանդիմանողը հասարակական-քաղաքական կյանքում անարդարության դրսևորումների, որպեսզի նորոգվի ու բարելավվի կյանքը»:

Հանդիսությունը եզրափակվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով:

2021-222 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 24 սան: