Փետրվարի 19֊ը Հովհաննես Թումանյանի ծննդյան ու Գիրք նվիրելու օրն է, որը նշվում է Հայաստանում և Արցախում 2008 թվականից։ Օրը գրքասերների համար տոն դարձնելու նախաձեռնությունը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն է։ Նպատակը ընթերցանության խթանումն է հասարակության շրջանում։
Այս տարի հայաստանյան գրադարանները, գրախանութներն ու հրատարակչատները տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպել։ Usanogh.am-ը ներկայացնում է փետրվարի 19֊ի մի քանի միջոցառումների ժամանակացույցը։
Հայաստանի գլխավոր գրապահոցը՝ Ազգային գրադարանը (Տերյան 72) 12։00֊13։30֊ը գրքեր կնվիրի գրադարանի հյուրերին ու պատահական անցորդների, նաև կմեկնարկի «Գրքապտույտ» միջոցառումը, որի շրջանակներում ընթերցողները կարող են իրենց կարդացած գրքերը փոխանցել ծանոթներին կամ թողնել սրճարաններում և թանգարաններում, որպեսզի ցանկացած մեկը կարողանա վերցնել և կարդալ։
Կփորձարկվի նաև VLUME առցանց գրադարանի հավելվածը։ Հարյուր ընթերցող կստանա մեկ ամիս թվային գրադարանից անվճար օգտվելու հնարավորություն։
Իսահակյանի անվան գրադարանում (Նալբանդյան 4/1) 10։00֊15։00-ն կգործի «Գրադարանը նվիրում է» ծրագիրը, որի ընթացքում այցելուները կարող են ստանալ իրենց հետաքրքրող գրքերը։
Կցուցադրվեն Հովհաննես Թումանյանին նվիրված տեսաֆիլմեր, ժամը 14։00֊ին էլ կմեկնարկի գրական֊երաժշտական ցերեկույթը։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Տերյան 42/1) 10։00-ից մինչ 17։00֊ն կլինեն տարատեսակ խաղ֊վիկտորինաներ, էքսկուրսիաներ, բարձրաձայն ընթերցանություններ և Թումանյանին նվիրված տեսաֆիլմի դիտում։
Գյումրու կենտրոնական գրադարանն ինքը նվեր-գրքեր կստանա ընթերցողներից։
Նախատեսված է նաև դպրոցականներին նվիրված միջոցառում։
Արարատի մարզային գրադարանում այդ օրը (ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ.) կլինի գրքերի ցուցադրություն։ Ժամը 15։00֊ին կսկսվի Թումանյանի 152-ամյակին նվիրված միջոցառումը։
Հովհաննես Թումանյանի թանգարանը (Մոսկովյան 40) ժամը 10։30֊16։00-ն նախատեսում է Ամենայն Հայոց բանաստեղծին նվիրված մի շարք միջոցառումներ, երեխաների համար խաղ֊վիկտորինաներ և այլն։
Կներկայացվեն Թումանյանի գրքերի նոր հրատարակությունները։
«Զանգակ» գրատունը (Աբովյան 7) ժամը 18։30-ին իր «Մեգա մոլի» մասնաճյուղում կազմակերպում է հեքիաթի ընթերցանություն. Հովհաննես Շարամբեանի ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը կընթերցի Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ հրեշը» հեքիաթը։ Բոլոր մասնաճյուղերում մինչև փետրվարի 21-ը կգործի 40% զեղչ՝ յուրաքանչյուր երկրորդ գնված գրքի համար։ Փետրվարի 20-ին՝14։30֊ից սկսած «Մեգա մոլի» մասնաճյուղում հեքիաթներ կկարդան դերասաններ Հրանտ Թոխատյանը և Ռաֆայել Երանոսյանը։
«Բուկինիստ» գրախանութների ցանցում (գլխ. Մաշտոցի պող. 20) այդ օրը Հովհաննես Թումանյան անուն֊ազգանունով քաղաքացին կարող է անձնագրով մոտենալ և ձեռք բերել գրքեր 30% զեղչված գներով։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մի շարք անակնկալներ է պատրաստել գրքասերների համար. փՓետրվարի 19֊ին, ժ.՝ 18։30֊ին, Խնկո Ապոր անվան գրադարանում կազմակերպվելու է Հայկ Սիրունյանի «Ադամամութ» գրքի շնորհանդեսը, որով սկիզբ կդրվի նոր «Արդի» մատենաշարին։ Նույն օրը լինելու է նաև գրքերի ցուցահանդես֊վաճառք։
Միշտ հիշեք՝ գիրք կարդալն ում համար նորաձև է, ում համար՝ հաճույք ու անհրաժեշտություն 🙂
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։