Հունվարի 31-ին տեղի ունեցավ «Հայrate- 2024» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում գրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։
Արդեն չորրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունն աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում և բացահայտելով՝ որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 2200 ուսանողներ՝ նշելով 2024թ. գրավիչ գործատուներին անկախ գործունեության ոլորտից:
Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 500 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները:
Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել են «Գրավիչ գործատու» և «Ամենագրավիչ գործատու» անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունները:
Այսպիսով, առաջին տասնյակու տեղ գտած կազմակերպություններն են՝
- «Ամերիաբանկ»
- «Դիջիթեյն»
- «Պիքսարտ»
- Կենտրոնական բանկ
- ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
- «Ակբա բանկ»
- «Արդշինբանկ»
- «Սինոփսիս»
- «Սոֆթ կոնստրակտ»
- «Սերվիս տիտան»
Միջոցառմանը ներկա էին մոտ 200 մասնակից. այդ թվում ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԱՍՀՆ նախարարություններից պաշտոնական ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների գործատուների ՄՌԿ մասնագետներ, հայաստանյան մոտ 20 ԲՈւՀ-երի ղեկավար անձինք և կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև՝ ուսանողներ: