ԳլխավորԼուր

Աբովյանում ինկասացիայի մեքենայից հափշտակել են մեկ պարկ փող՝ 6.5 մլն դրամ

Մարտի 2-ին, ժամը 13.50-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:
Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: