ԳլխավորԼուր

Spirit of Armenia փառատոնում ՀԱԱՀ-ը ներկայացրել է «Սերունդ» գինին

Մարիամ Միրանյանը սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսում: Կանգնած է եղել «Սերունդ» գինու ստեղծման ակունքներում, տեղեկացնում են ՀԱԱՀ-ի լրատվական ծառայությունից։

Spirit of Armenia համահայկական փառատոնի երեք օրն էլ Մարիամը անդադար եղել է տեղում՝ Անգլիական այգում, իր կուրսընկերուհու՝ Աննա Մելքոնյանի հետ դիտարկել, ուսումնասիրել է այցելուների տրամադրությունն ու վերաբերմունքը: Հետաքրքրությամբ հետեւել է բուհի ստեղծած գինին վայելողների արձագանքին, դեմքի արտահայտությանը: Այս ամենը՝ փորձառությունը կօգնի, որ ագրարայինցի ապագա գինեգործներն ավելի լավ հասկանան շուկան, սպառողին, նրա ակնկալիքներն ու բուհի հնարավորությունները:

ՀԱԱՀ-ը ներկայացրել էր 2020 թ.-ին շշալցված եւ հայրենական շուկա մուտք գործած կարմիր եւ կարմիր անապակ «Սերունդ» գինիները:

– Հատկապես հաճելիորեն զարմացա, որ Սանկտ-Պետերբուրգից կային հյուրեր, եւ նրանք ծանոթ էին, ճանաչում էին «Սերունդ» գինին ու շատ բարձր գնահատեցին: Հանրայնացման, ճանաչելիության տեսակետից կարեւոր էր այս նախաձեռնությանը մասնակցությունը,- ասում է Մարիամը:

Ալկոհոլային խմիչքներ արտադրող 200 ընկերություններ մեկտեղվել էին Spirit of Armenia համահայկական առաջին փառատոնում եւ ներկայացնում էին Հայաստանում արտադրվող մոտ 1500 տեսակի խմիչք: Բացի գինուց, ներկայացված էին նաեւ մրգային եւ այլ օղիներ, կոնյակ, գարեջուր եւ ալկոհոլային այլ խմիչքներ:

Փառատոնի համակազմակերպիչներն են Prom Expo եւ Azd production ընկերությունները:

Comment here