Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում մեկ մոտեցում կատարեց` բարձրացնելով 95 կգ: Հաջորդ երկու մոտեցումներից Պողոսյանը հրաժարվեց ծնկի ուժեղ ցավերի պատճառով:
Հրում վարժությունում Էմման բարձրացրեց 120 կգ ու կրկին վնասվածքի պատճառով չկատարեց մյուս մոտեցումները:
Երկամարտի 215 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում 4-րդն է:
