Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Շնչող էջեր» ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրաֆիկայի նշանավոր վարպետներից մեկի՝ Հենրիկ Մամյանի ծննդյան 90-ամյակին։
Ցուցադրությունը ներկայացնում է Մամյանի գրաֆիկական ժառանգության ամենաուշագրավ նմուշները՝ գրքային նկարազարդումներ, գծանկարներ, ինչպես նաև մոնումենտալ կրոնական թեմաներով գործեր՝ հավաքագրված Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և ընտանիքի մասնավոր հավաքածուներից։
Բազմաշերտ ու խորաթափանց, զուսպ ու միևնույն ժամանակ հուզական՝ Մամյանի գրաֆիկան դիտվում է ոչ միայն որպես պատկերազարդման արվեստ, այլ՝ որպես գաղափարի, ոճի և ժամանակի ինքնատիպ արձանագրություն։