Ավանդաբար նշվող Համալսարանի օրն այս անգամ տարբերվում էր նախորդներից. այն հոբելյանական էր, միևնույն ժամանակ ամփոփումն էր 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումների, որոնք համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիսավորությամբ չէին նշվել: Եվ ամենակարևորը` ավարտական վկայականներ հանձնվեցին բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին:
Հոբելյանական հանդիսության մեկնարկը տրվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի ողջույնի խոսքով: Պատմելով բուհի անցած ուղու, ձեռքբերումների, պարբերաբար իրականացվող ծրագրերի մասին՝ Մ. Մակիչյանը նախ անդրադարձավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, երջանկահիշատակ Բորիս Մակիչյանի այն հսկայական ջանքերին, որոնց շնորհիվ էլ համալսարանը դարձել է ՀՀ բուհական համակարգի օրինակելի կրթօջախներից մեկը: Ռեկտորն այնուհետև խոսեց վերջին 1-2 տարիների կատարած աշխատանքների մասին, որոնք, անկախ համավարակի հարուցած դժվարություններին, կյանքի են կոչվել աշխատակիցների և ուսանողների ջանքերի շնորհիվ: Մ. Մակիչյանն իր խոսքում նշեց նաև, որ բուհի ողջ անձնակազմը պատերազմի օրերին արել է հնարավոր ամեն ինչ՝ տարբեր նախաձեռնություններով առաջնագծին օգտակար լինելու, իսկ հետագայում նաև պատերազմին մասնակից իր ուսանողներին թև ու թիկունք լինելու համար:
Ռեկտորը շնորհավորեց նաև գերազանցությամբ բուհն ավարտած ուսանողներին՝ հույս հայտնելով, որ հետագա գործունեության ընթացքում նրանք բարձր կպահեն համալսարանի բարի համբավը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» միջբուհական գիտաժողովի ժողովածուի շնորհանդեսը, որին հրավիրված էին ինչպես համալսարանի, այնպես էլ տարբեր բուհերի՝ գիտաժողովին մասնակից ուսանողներն ու նրանց ղեկավարները: Ցավոք, շնորհանդեսին բացակայում էր լավագույն հոդվածներից մեկի հեղինակը՝ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Ալեն Մարգարյանը, որը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում: Հերոս որդու փոխարեն ներկա էր մայրը՝ տիկին Նազելի Տերտերյանը:
Համալսարանի հիմնադրման 25-ամյակի նվիրված միջոցառմանը հավաստագրեր հանձնվեցին 2019-2020 ուսումնական տարում ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում լավագույն ճանաչված դասախոսներին, ինչպես նաև իրավաբանական կլինիկայի իրավաբան-խորհրդատուներին: «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» շարադրության մրցույթին մասնակցած ուսանողները ևս արժանացան շնորհակալագրերի ու հավաստագրերի:
2020-2021 ուսումնական տարում Հյուսիսային համալսարանը կյանք ճանապարհեց 32 գերազանցիկ շրջանավարտի, որոնցից ութը բակալավր, քսանչորսը՝ մագիստրոս: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցին գերազանցության վկայականները՝ բարեմաղթանքի ջերմ խոսքերով ու աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու ցանկությամբ:
Usanogh.am-ը շնորհավորում է բուհին քառորդդարյա հոբելյանի առթիվ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։