ԳլխավորԼուր

Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել

Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել Գարեգին Նժդեհի արձանի մոտ` այդ կերպ իր բողոքը հայտնելով իշխանության մի շարք քայլերի դեմ։

Մասնավորապես, բողոքը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, Ամուլսարի հնարավոր շահագործանը, «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների վերաբերյալ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտին։

«Իմ հացադուլի նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Իմ նպատակն է քաղաքացիներին համախմբելը, իրար հանդեպ բարեհամբույր լինելը, ոչ թե բաժանումը՝ սևի, սպիտակի։ Նախկինում էլ կային խնդիրներ, փորձում էին լուծել, մի մասը ստացվում էր, մի մասը՝ ոչ, բայց ազգս երբեք այսպես չէր թշնամացել իրար հանդեպ։ Դրա մեղավորն այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևի ու սպիտակի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանը մի անգամ էլ է հացադուլ հայտարարել՝ 2007-ի մայիսի 16-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքը պարտվել էր։ Այն ժամանակ նա հացադուլը դադարացրել էր 5 օր անց։

Comment here