ԳլխավորԼուր

Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցել են հացադուլը

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ապրիլի 18-ից հացադուլ էին անում Ազատության հրապարակում, դադարեցրել են այն։

Նրանք այդ մասին հայտարարեցին Ազատության հրապարակում` նշելով որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։

«Այս ընթացքում ձևավորվեց մեր հստակ պահանջը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախը, նրա համար մղված գոյամարտը ենթակա չեն սակարկման… » ,–ասաց  Ավագյանը։

«2200 մարդ արձագանքեցին մեր հացադուլին և միացան մեր ստորագրահավաքին, ու էլի են միանալու։ Նրանք արթնացան և վերահաստատեցին, որ կան և անտարբեր չեն։ Նրանք եկան Ազատության հրապարակ և ցույց տվեցին, որ մեր հացադուլը որքան էլ ծանր որոշում էր երկուսիս համար, տեղին էր և ժամանակին։ Այժմ տեսնելով ձեզ այս հրապարակում կանգնած, ես և Արթուրը համարում ենք, որ ինչի համար դիմել էինք հացադուլի, այս փուլում կատարված է։ Մենք հայտարարում ենք հացադուլից դուրս գալու մասին»,–ասաց Նվեր Կիրակոսյանը։