ԳլխավորԼուր

Դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ. տեսանյութ

Կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենքներն ընդունվել են 1635 թվականին՝ Իռլանդիայում, իսկ 1641 թվականին Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենսգիրքը։ Այն արգելում էր բռնություն ու դաժանություն կիրառել Աստծո ստեղծած ցանկացած արարածի նկատմամբ։

1977 թվականին Լոնդոնում ընդունվեց կենդանիների իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որը սահմանում է կենդանիների նկատմամբ հարգանքը, արգելում դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը։

Հայաստանում 2019 թվականից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, հիշեցնում են ՀՀ ոստիկանությունից։ Նոր քրեական օրենսգրքով նույնպես արարքը քրեորեն պատժելի է։

Հոդված 307. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2022 թվականի 10 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 14 դեպք, որոնք ստացել են համապատասխան ընթացք։