Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ հատկացնելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է այդ հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը:
Գումարը կտրամադրվի ՀՀ-ում գործող մարզառազմական պետական ուսումնական 3 հաստատությունների 533 սովորողների, որոնցից 96-ը հանդիսանում է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանի սան, 187-ը՝ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի, իսկ 250-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (հաշվի է առնվել փաստացի սովորողների և ընդունելությամբ կանխատեսվող սովորողների թիվը):
Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողների խրախուսումը կնպաստի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը։