Ներկայացնում ենք հայ գրող, երգիծաբան Լեռ Կամսարի (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան, 24.10.1888-22.11.1965) ստեղծագործություններից։
***
Իմ ծննունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։
Ասում են ամենաարագ հաղորդակցության միջոցը ինքնաթիռն է հիմա, բայց սխալ է։ Ինքնաթիռը չի կարող մարդու նման ծննդյան ու մահվան միջև ընկած ճանապարհը կտրել մի ակնթարթում, այդ ճանապարհը կտրում է երևակայությունը։
Իմ երևակայությունը այն թազբեհի թելն է, որ կապում է իմ կյանքի բոլոր երեկները իմ կյանքի վաղերին։
Չլիներ երևակայությունս՝ իմ երեկներն ու վաղերը կանցնեին իբրև անծանոթներ առանց իրար բարևելու։
Ես յոթանասուն տարեկան եմ, ամեն անգամ, երբ երևակայությունս երթևեկում է այդ տարածությունը՝ քառասուն տարվա վրայից ցատկում է։ Այդ իմ չապրած տարիներն են։Այդ տարիներին բոլշևիկյան իշխանությունը եկավ, քացու մի հարվածով դուրս վռնդեց ինձ ղեկավարող կամքս, մի էշի նոխտա դրեց վզիս, տարավ կապեց սոցիալիզմի դատարկ մսուրին, և ես սա 40 տարի միայն ազատություն եմ զռում։
Բայց միժամանակ ես մարդ էի… Այդ նույն բոլշևիկյան կառավարությունը ամբողջ 20 տարի նոխտայիցս բռնած ման ածեց իր բանտերում ու աքսորավայրերում։ Երբ ուժասպառ եղա՝ բերեց կապեց ախոռը՝ մեռնելու։
Ձի եմ ասում, որ 70 տարվանից քառասունի վրայից ցատկ կատարի։
Այդ ցատկը իմ երևակայությունը կատարեց։
Ու հիմա, երբ մեռնում եմ, չգիտեմ ո՞ր ձողին, ո՞ր ծառին, ո՞ր օղին կապեմ հեգ ձիուս սանձը, որ իմ մահվանից հետո էլ գնա գա կյանքիս լարի վրա։
Պատերազմներում, երբ ընկնում է զինվորը, նրա ձին երկար չի հեռանում իր տիրոջ դիակից, կանգնում ու պաշտպանում է նրան գազաններից ու գիշակեր թռչուններից։Պատահել է ձի, որ մինչև վերջ էլ չի հեռացել ի տիրոջ դիակից։
Իմ ձի, աղաչում եմ քեզ, կանգնիր ու պաշտպանիր ինձ բոլշևիզմից։ Նրանք պղծեցին իմ կյանքը, գեթ թողնեն որ մաքուր մեռնեմ։
Չթողին որպես մարդ ապրել, գեթ թույլ տան մարդ մեռնել…
…Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…
***
Կարելի է ապրել երկու կերպ՝ համառոտ և ընդարձակ։
Ընդարձակ կամ մանրամասն ապրողը պիտի անի այն բոլորը, ինչ անում են բոլոր մարդիկ, կամ մարդ արարածն առհասարակ։
Նա պիտի ծնրադրի բոլոր աստվածներին հերթով, դավանի բոլոր կրոնները, պատկանի աշխարհում եղած բոլոր քաղաքական կուսակցություններին, ժխտի այդ բոլորը ու հանդես գա չեզոք, ժխտի բոլոր աստվածներին և դառնա անաստված, ճաշակի այն բոլոր կերակուրները ինչ կերել է մարդը երբևիցե, ման գա աշխարհը առանց որևէ ծակ ու ծուկ զանց առնելու, խելագարվի, կոմունիզմին հավատա և այլն։
Նայեցեք ջրաղացին։ Ջրաղաց կա ցորենը փոշիացնում է, կա որ ձավար է դարձնում, մեջտեղից երկու կես է անում, և վերջապես կոլխոզային ջաղացների նման երկու ամբողջական ցորենները իրար է կպցնում։
Իսկական մարդը մարսված կերակուր, ջաղացի փոշի պիտի լինի։
Այս տեսանկյունով եթե նայենք մարդուն՝ ես մարդ համարվել չեմ կարող։
Այնքան համառոտ եմ ապրել։ Անհաղորդ կյանքի մանրամասներին, ես ծնածս օրից իմ գրիչամանին եմ նայել և կյանքի բոլոր արժեքները այդ «բանկ» եմ տարել ոչնչով փոխարինելու։ Մարդիկ ըստ սովորականի ապրելուց հետո են մեռնում, իսկ ես նախ մեռա, հետո ապրեցի։
Նրանք ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ։Որովհետև այդ բոլորը մահվան հետ համեմատած այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ չլինելուն էլ պետք է նայել անտարբեր։ Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում են իրար հետ ու գնում թափվում մեծ ոչնչության մեջ։
Մի ժամանակ, երբ ես կարդում էի Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին»՝ չէի հավատում նրա ճշմարտությանը. ասում էի երևի հեղինակը գրել է իր զայրացած րոպեներին ու բարկությունն անցնելիս կսկսի սիրել աշխարհը։
Այսօր սակայն, սարսափով նկատում եմ, որ ես էլ իսկական Աբու-Լալա Մահարի եմ։ Նույն անել վիճակին մատնված։
Ես էլ այդ արաբ բանաստեղծի պես եղա ուրիշ երկրներ, իմաստունների ու հիմնրների հետ սեղան նստա, աշխարհը նոր եկողներին, աշխարհից մեկնողներին բարև տվի, բարև առա, ու եկա այն եզրակացության, որ իսկապես պետք է քարավանը դուրս քաշել «Բաղդադից» ու չվել այս աշխարհից…
Կեցությունը բնորոշում է գիտակցությունը։ Ընդունենք այս ու ես ձեզ բացատրեմ թե ի՞նչ կեցություն եմ ունեցել և որպիսի գիտակցություն ունեմ այժմս։
Աշխարհ գալով , առաջին մարդն, որ դեմս ելավ մեծ եղբայրս էր։
Հարցնում եմ.
-Եղբայր ջան, աշխարհի ճամփեն ո՞ր մեկն է։
Խոժոռ նայում է ինձ իմ եղբայրը։ Այնքան խոժոռ, որ աշխարհ գալս զղջացի։
Երբ փորձեցի խոսել հետը, մի քանի անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել, վերջապես աշխարհի արտաքնոցի տեղն իմանալ, որովհետև դե, ես այն ժամանակ փոքր էի՝ մեկ էլ մի սոսկալի ապտակ եկավ երեսիս։ Առանց հանցանքի, առանց մեղքի, ոնց որ ասես ներկայիս կոմունիստը լիներ, որի մասին այն ժամանակ հասկացողություն չունեի։
Այստեղ ես կանգ առա և մի փոքրիկ աշխարհայացք կազմեցի՝ որ էր. «աշխարհը դաժանություն է ու ապտակ»։
Ընտանեկան այս «դաստիարակությունը» առած, երբ դուրս ելա փողոց՝ թուրք լամուկմերը դանակները քաշած հարձակվեցին վրաս ու ես փախա։
Բաց արի աշխարհայացքս ու վրան ավելացրի… դանակներ և փախ ու կոտորած։
Հետագայում հայրս Պարսկաստան փախավ, ես՝ Էջմիածին եկա սովորելու։
Ի՞նչ պիտի սովորեի, հարազատներից պոկված մի խեղճ, պանդուխտ երեխա։ Չորս և չորս… ա՜խ մայրիկ ջան… անում է ութ։ Ութից հանած չորս, թեև ճիշտ է, անում է դարձյալ չորս՝ բայց ինչի՞ս է պետք այդ չորսը, երբ իմ ծեր հայրը պանդխտության մեջ պիտի տառապի։ Այս վշտերիս մեջ ինքս ինձ մոռացած, չորս տարի հետո ո՞ր սատանի ծոցից, դուրս թռավ Սաթենիկ անունով մի աղջիկ և եկավ մտավ սիրտս։ Դե արի հիմա էլ նրա սիրուց տոչորվիր։
Ուսումս ավարտելուց հետո էլ ես չխնդրեցի այդ երկար աղջկա ձեռքը, որովհետև եթե ընդուներ առաջարկս, հանկարծ երջանկությունս այնքան մեծ պիտի լիներ, որ ես տակին ճխլվեի։
Սրտիս կեսը Էջմիածին թողած Վան գնացի։
Այստեղ էլ ես ամուսնացա ոչ այնպես, ինչպես ճաշարան մտնողը իր ճաշակին համեմատ կերակուր է պատվիրում։ Ոչ, ես նստա սեղանին և ասացի՝ «պատրաստի» ինչ ունես՝ բեր։ Որովհետև ոչ մի ճաշարանապետ չէր կարողանա իմ ուզած Սաթենիկը պատրաստել։ Իսկ երբ Սաթենիկ չկա՝ ոչինչ չկա…
Երբ եկավ 1915 թվականը, պատահեց հայոց պատմության մեջ չպատահած դեպք։
Թուրք կառավարությունը, որ սովորություն ուներ տաս տարին մեկ քաղհանել հայությունը, սեյրակացնել, այս անգամ տրակտորը լծեց ու ողջ Տաճկաստանը հերկեց այնպես, որ հայի հոտը կտրվի այդ երկրից ու մենք գաղթեցինք։
«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառով, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը։
Այն ժամանակ, երբ մի թեթև բեռ շալակդ առած, ծերունի մորդ ձեռները բռնած դուրս ես գալիս քո հայրենի տնից և մի վերջին անգամ ետ ես նայում կտրելու համար այն անթիվ անըմբռնելի թելերը, որ քեզ կապում են քո հայրենի տանը, քո պապերին, պապի պապերին, այն ամբողջ քաղցր հուշերին, որոնցով ապրում էիր մինչև այդ վայրկյանը։ Դու, երբ մի խորունկ ա՜խ ես քաշում, ու երես դարձնում այդ բոլորից՝ այդ ժամանակ ես զգում միայն, թե ինչ բան է գաղթը…
Լավ ու վատ՝ ճաշակեցինք մեր առաջ դրված այս պատառն էլ, վերջապես եկանք Կովկաս։ Բայց այստեղ էլ հայի արյան հոտն առած թուրքը չուզեց հանգիստ տալ հրաշքով ճողոպրած իր զոհերին և իր ոտը Բարդողյան լեռնաշղթայից այս կողմը պարզեց և շարունակեց արյունառությունը, մինչև բոլշևիկները Հայաստան մտան և մնացած հայությունը «ազատեցին» թուրքի ճանկերից։
Մեզ պարգևած ազատության մասին մի պարզ գաղափար տալու համար ասեմ, որ հետագայում երբ 21 թվականին հայերը ապստամբեցին իրենց «ազատարարների» դեմ, պարտված հայությունը նորից Թուրքիա էր փախչում, տաճկական սուրը գերադասելով բոլշևիկների կացնից։
Բոլշևիկյան Հայաստանը մի կատարյալ սառցատուն էր, որտեղ հայության ուղեղը սառեց իր գանգում բնավ չմտածելու համար, արյունը սառեց բազուկներում բնավ չաշխատելու համար։
Ձեզ եմ հարցնում.
-Ի՞նչ «գիտակցություն» կարող եմ ունենալ ես հիմա, այսպիսի «կեցություն» ունենալուց հետո։
Ես կարո՞ղ եմ այս անլուր աղետները գլխիս բերած ՄԱՐԴՈՒՆ «կենդանիների թագավոր» անվանել։
Ուրեմն այսպես:
Տաճկաստանում ես ապրում էի անմեղ, անմեղ։ Բայց տաճիկ կառավարությունը սրով ետևս ընկած ուզում էր ինձ սպանել։ Փախա իմ ռուսահայ եղբայրների մոտ, մի քանի տարի ապաստան գտա, հետո էլ այդ «եղբայրները» բռնեցին ու քսան տարով աքսորեցին հյուսիսի սառնամանիքները։
Իմ աքսորի առաջին գիշերը կինս ինձ դավաճանեց։
Իմ գրկի մեջ մեծացած որդիս մեծանալով ոխերիմ թշնամի դարձավ ինձ։ Իմ ամենամերձավորագույնը մոտեցավ ինձ ծեծելու համար։
Խմբագիրները ասում են նյութ բեր, մեկի տեղը տանում եմ տասնմեկը՝ ոչ մեկն էլ չեն տպագրում։
Տունս ցախանոց է, ութը տարի է պետությունից բնակարան եմ ուզում՝ չի տալիս։
Եթե արաբ բանաստեղծն իմ օրին լիներ, հիմա վաղուց էր փախել անապատը։
Բայց ես, ճիշտն ասած, չեմ ուզում փախչել անապատ, որովհետև այս րոպեիս ես ապրում եմ սովետական անապատում։
Հետո անապատ գնալը միտք չունի, փոխանակ ինձ հանձնելու անապատի իժերին, վայրի գազաններին, այստեղ, իմ շրջապատը հազր լիքն են իժերով ու գազաններով, թող նրանք ինձ ուտեն, ի՞նչ կարիք կա տեղից շարժվելու։
Դժվարությունն այնտեղ է սկսվում, երբ աշխարհ է գալիս մի մարդ, աշխատում է հագնել աշխարհային օրենքները և չի կարողանում։ Նրանք ստանդարտ են, իսկ մարդը կոշտուկներով լիքը։
Ի՞նչ անել։ Կարո՞ղ ենք պահանջել, որ նա նախապես գուշակելով, թե ծնվելու է այդպիսի մարդ, իր օրենքները հարմարեցներ դեռ չծնված մարդուն։
Չէր կարող։
Նա ասում է աշխարհն այս է, ուզում ես ապրիր, չես ուզում քեզ համար «պրոթեզարանում» հատուկ աշխարհ շինել տուր։
Աշխարհ գալիս ես դեռ չէի տեղավորվել, երբ ինձ ասացին՝ թե դու մեռնելու ես…
Դե արի ու մի թքի այս տեսակ աշխարհի վրա։
Այո, ասացին պիտի մեռնես, բայց չասացին թե երբ։ Այնպես որ ամեն քայլափոխին, երբ մի դժվարության էի հանդիպում, կարծում էի իմ մահվան ժամը հասել է։
Իմ կյանքի ամենադժվար մասը բոլշևիկյան տիրապետության շրջանն էր։ Ինձ ասում էին՝ «Դու որ բոլշևիկների տիրապետության տակ կարողացար ապրել քառասուն տարի, մի վախենա, էլ չես մեռնի»…
Բայց դժբախտությունը միայն բոլշևիզմը չէր։ Դրանք բազմաթիվ էին։ Այս բոլորին հանդուրժել չկարողանալով, ցավից հանեցի աշխարհն «ոտքիցս» դեն շպրտեցի, ձեռք զարկելով հատուկ ինձ համար աշխարհ կառուցելու…երևակայությանս մեջ։



