ԳլխավորԼուր

Լոռու մարզի 24 դպրոցներում C1 մակարդակի անգլերեն կսովորեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում անգլերենի ուսուցման խրախուսումն ու տարածումն է։

Եռակողմ նոր համագործակցությունը նշված դպրոցների ավելի քան 2400 սովորողների հնարավորություն կտա ուսումնառության ընթացքում ձեռք բերելու անգլերենի իմացության C1 մակարդակ:

Ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար ծրագրում ընդգրկված դպրոցների 24 ուսուցիչներ կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են նաև, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ Լոռու մարզի Դեբետ համայնքի նախկին դպրոցի տեղում կառուցվելու է նոր դպրոցական շենք: Շինարարական աշխատանքների ընթացքում ուսումնական գործընթացը կկազմակերպվի համայնքի սմարթ կենտրոնում: Աշխատանքների ավարտից հետո Դեբետը կունենա նոր սերնդի սմարթ դպրոց:

Comment here