ԳլխավորԼուր

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել

Լյուքսեմբուրգը փետրվարի 29-ից դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում ավտոբուսը, տրամվայն ու գնացքը,  անվճար են թե′ հերցոգության քաղաքացիների, թե′ հյուրերի համար։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։

Այդ քայլին տեղի իշխանությունները դիմել են ճանապարհային խոշոր խցանումների պատճառով։ Մայրաքաղաքում ապրում է 110 հազար մարդ, իսկ հերցոգության բնակիչների թիվն ընդհանուր առմամբ 614 հազար է, սակայն ամեն օր այստեղ աշխատանքի են գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարեւան Բելգիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից։ Արդյունքում երթեւեկությունը ճանապարհներին, առաջին հերթին՝ մայրաքաղաքում, երկար ժամանակով կաթվածահար է լինում։

Ծրագրի արժեքը տարեկան կկազմի 41 մլն եվրո, որը իշխանությունները մտադիր են փոխհատուցել հարկերի միջոցով։ Այդ պատճառով ծրագրի քննադատները նշում են, որ եթե տրանսպորտն անվճար է կոչվում, դա դեռ չի նշանակում, որ ոչ ոք չի վճարելու։

Մինչ այս Լյուքսեմբուրգում տրանսպորտն անվճար էր միայն երեխաների եւ ուսանողների համար։

Եվրոպական այս պետությունն այժմ միակ երկիրն է անվճար հասարակական տրանսպորտով։ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել 2013 թվականին, բայց միայն տեղի բնակիչների համար։ Իսկ 200 հազար բնակչությամբ ֆրանսիական Դյունկերկ քաղաքում ավտոբուսով ու տրամվայով երթեւեկելն անվճար է 2018 թվականից։

 

Comment here