Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:
Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս չի մատուցվում: Մի շարք գյուղական և սահմանամերձ բնակավայրերում նախադպրոցական հաստատությունները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ իրարից բավականին հեռու են: Միաժամանակ, քաղաքային համայնքներում (բնակավայրերում) նախադպրոցական հաստատությունների սահմանափակ քանակը ստեղծում է ընդունելության հերթեր, որոնք նույնպես սահմանափակում են նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Նախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը մանկապարտեզ կամ նախակրթարան չի հաճախում, այդ թվում՝ գյուղական համայնքներում՝ շուրջ 62 հազար։
Ըստ այդմ՝ առաջիկա տարիներին առաջնահերթ է գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնումը՝ ներառյալ վաղ տարիքի զարգացման ծառայությունները։ Նախադպրոցական հաստատությունների շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 500 մանկապարտեզներում և նախակրթարաններում։ Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։