ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ուսանողուհին հաղթել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայում

Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադան, որտեղ մրցել են 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադայի Կազմկոմիտեն հոկտեմբերի 20-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խաջոյանը Հայաստանից:

23-ամյա Ժաննա Խաջոյանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից, երրորդ մրցանակին արժանացել են Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից, Անջելա Կոստիքը` Սերբիայից, Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին։

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը։

Comment here