ԳլխավորԼուր

Չնայած բազմահազարանոց հանրահավաքներին՝ Մինսկում բախումներ չեն գրանցվել

Երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կրկին անհանգիստ է եղել, սակայն բախումներ չեն գրանցվել։

Միաժամանակ երկու հանրահավաք է եղել՝ ի պաշտպանություն եւ ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի։

Ըստ տարբեր տվյալների՝ Լուկաշենկոյին սատարողների հանրահավաքում եղել է մոտ 65 հազար մարդ։ Ելույթ է ունեցել գործող նախագահն ու դիմելով փողոցներ դուրս եկած մարդկանց՝ մասնավորապես նշել է. «Ոչնչացնելով Լուկաշենկոյին, ոչնչացնելով առաջին նախագահին՝ դուք ինքներդ ձեզ կոչնչացնեք… Ես կանգնած եմ այստեղ ինչպես Աստծո առաջ։ Ընտրությունները կայացել են։ Չի կարող ավելի քան 80 տոկոս ընտրակեղծիք լինել, չի կարող… Մենք նոր ընտրութունների չենք գնա։ Եթե գնանք՝ շուռ կտանք երկիրը»։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող ու վստահող մարդկանց։

Միեւնույն ժամանակ Մինսկի Անկախության հրապարակում (լուսանկարում) հավաքվել են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջողները։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների թիվը նշվում է 100-ից 200 հազար։ Նրանց են միացել նաեւ ընդդիմության առաջնորդները։ Հավաքը խաղաղ է անցել։

Միայն ուշ երեկոյան, ըստ «Ազատություն ռադիոկայան-Բելառուս»-ի, Մինսկի ԳՈՒՄ-ի մոտ քաղաքացիական հագուստով ուժայինները դուրս են եկել առանց համարանիշների միկրոավտոբուսից եւ բերման ենթարկել մի քանի ցուցարարի եւ տարել անհայտ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո ցույցեր են սկսվել, որոնք ուղեկցվել են բախումներով։ Նշվում է մեկ զոհի մասին։ Արդյունքները չեն ընդունել մյուս 4 թեկնածուները եւ դրանք չեղարկելու պահանջով դիել են ԿԸՀ։

Comment here