ԳլխավորԼուր

ՄԻՊ-ը հյուրընկալել է Երևանի տեխնոլոգիական քոլեջի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր հյուրընկալել է «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթը։

Պաշտպանը նաև անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի նրանց հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։

Հաջորդիվ, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրույց են ունեցել պաշտպանի հետ։

Մասնավորապես՝ քննարկվել են երեխայի աշխատանքի իրավունքը, բուլինգի հասկացությունը և տեսակները, ինչպես նաև կրթություն ստանալու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է եղել նաև սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբերբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։

Ամփոփելով հանդիպումը՝ Պաշտպան Գրիգորյանը երիտասարդ հյուրերին տեղեկացրել է նաև Պաշտպանին կից երիտասարդական խորհրդի ձևավորման նպատակի մասին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն խորհրդի աշխատանքների կազմակերպմանը։