ԳլխավորԽոսք

Հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ՝ երիտասարդ գրողների վրա

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն, բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ» կանանց ու տղամարդկանց։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ու քանի որ ստորին բնազդներով առաջնորդվողների համար անգամ հայհոյելու ու ատելու մեջ պիտի խմբաքանակով լինես, որպեսզի քո ատող ու հայհոյող տեսակի մեջ լինես պաշտպանված, ահա այսպես, խմբով, գլխաքանակով, դափոնով հարձակվել են գրող Արամ Պաչյանի վրա, որովհետեւ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից եզրակացրել է, որ ուսումնական ծրագրերում, որտեղից երկար անուն ունեցող նախարարությունը որոշել էր թոթափել Նարեկացուն, դա արել է, որպեսզի Արամ Պաչյանի պատմվածքը, որի դեմ «սութի» բարեպաշտները խաչակրաց արշավանք են սկսել, հենց «իմեննո» Նարեկացու փոխարեն ներառվի կրթական ծրագրերի մեջ։

Լավ, ո՞նց կարելի է էդքան սնամեջ լինել, ո՞նց կարելի է էդքան անտեղյակ ու էդքան ցածր լինել։ Ես, այո, կատեգորիկ դեմ եմ, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը հանվի կրթական ծրագրերից (ԿԳՄՍՆ-ն արդեն տեղեկացրել է, որ դրանք չեն հանվի կրթական ծրագրերից-խմբ.), մանկուրտացման ու մեր գենետիկ հիշողությունը ռետինով ջնջելու էս անամոթ արշավի դեմ ես կռիվ եմ տալու մինչեւ վերջ, բայց ի՞նչ կապ ունի Արամ Պաչյանն ու իր «Թափանցիկ շշեր» պատմվածքը ձեր էս անափ ատելության ու չարության հետ։ Ես պատրաստ եմ քննարկել հարցը՝ արդյո՞ք իմաստ ունի Արամի հենց այս պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ եւ կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոեւսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոեւսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է Ֆյոդոր Միխայլովիչը»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here