ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղը

Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղը «Ավելի ուժեղ, քան թվում է» բեմադրությամբ է (ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի)։ Թատերախմբի 12 մասնակիցները 7-16 տարեկան երեխաներ են։

Հիմնական գաղափարն էր՝ սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։

Ներկաներին ողջունել և մասնակից երեխաներին պատվոգրեր է հանձնել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաճյանը. «Մենք կարևորում ենք արվեստի միջոցով փոփոխություններ իրականացնելու ճանապարհը: Հատկապես կարևոր է այն ընթացքը, որով անցնում են երեխաները: Դա ոչ միայն վերջնարդյունք է, որը փոփոխություն է բերում և կարծրատիպեր կոտրում, այլև գործընթաց, որի շնորհիվ երեխան ուժեղանում է և ավելի կայացած անձ է դառնում»:

Արաքսիա Սվաճյանի խոսքով՝ արվեստի, մասնավորապես թատրոնի միջոցով երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարումն ու ինքնարտահայտումը թույլ են տալիս մանկավարժներին ու լայն հասարակությանն առհասարակ, առավել ճկուն լինել երեխաների հնարավորությունների գնահատման և յուրաքանչյուր երեխայի բնածին ստեղծագործական ունակությունների բացահայտման հարցերում:

2023 թ. նախատեսվում է բեմադրել նոր ներկայացում, որին ներգրավվելու են ավելի մեծ թվով երեխաներ՝ խաղացանկում պահելով նաև «Ավելի ուժեղ, քան թվում է» ներկայացումը՝ ներառելով նաև մարզային այցերի ծրագիր:

«Միասին» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022 թ. Հանրապետական մանկավարժահոգեբա­նական կենտրոնի նախաձեռնությամբ: Խմբի ստեղծման նպատակը թատերական արվեստի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու լիարժեք ներգրավվածությանը նպաստելն է:

Թատերախմբի ղեկավարը բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանն է, որը 1988 թ.-ից աշխատում է մանկապատանեկան թատերական արվեստի ոլորտում։