ԳլխավորԼուր

Երևանում նորակառույց շենքերի բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան

Նորակառույցներ Երևանում

Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ այս հայտարարել են կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները։

Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700 000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են մի քանի անգամ ավել գումար վճարել` կախված գոտուց։

«Դա ենթադրում է, որ բնակարաններն այլևս հասանելի չեն լինի այն ընտանիքներին, որոնք 800 000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն»,- ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։

Կառուցապատողները պնդում են` եթե որոշումը չփոխվի, ապա շինարարության ոլորտում ներդրումներ անելը պարզապես անիմաստ կլինի։