Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացրեց քաղպաշտպանական ազդանշաններով նախատեսված բնակչության վարվելակերպի կանոնները: Նա հիշեցրեց, որ «օդային տագնապ» ազդանշանը տրվում է շչակներով:
«Այս պահի դրությամբ ունենք նաև այլ հնարավորություններ` բոլոր օպերատորները տրամադրում են մեզ ցանցերը կարճ հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիան հասցնելու համար, և ունենք հնարավորություններ զանգվածային լրատվամիջոցներով հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել և իրավիճակը, և ազդանշանները, և վարվելակերպի կանոնները»,- ասաց Սնգրյանը:
Եվ այսպես.
եթե գտնվում ենք տանը, ապա պետք է արագ վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, առարկաներ, որոշակի քանակությամբ սնունդ, ջուր, փաստաթղթեր, հագնվել և առանց խուճապի մատնվելու ուղևորվել մերձակա պաշտպանական կառույցներ (նկուղներ, ստորգետնյա կառույցներ):
Եթե գտնվում եք դրսում, անհապաղ գնահատեք իրավիճակը և առանց խուճապի մատնվելու որոշեք ամենաապահով տարածքը, եթե մերձակայքում կան պաշտպանական կառույցներ, ուղևորվեք այնտեղ:
Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում, պետք է առաջին հերթին անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, դուրս գալ տրանսպորտային միջոցից և հնարավորինս կարճ ճանապարհով ուղևորվել դեպի պաշտպանական կառույցները:
Եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային այլ տարածքներում, հետևեք տրվող հաղորդագրություններին, եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, առանց խուճապի դուրս եկեք տարածքներից և ուղևորվեք մերձակա պաշտպանական կառույցները:
Եթե գտնվում եք արդյունաբերական հիմնարկություններում, ապա առաջնորդվեք արդյունաբերական ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով:
Պաշտպանական կառույցները նկուղներն են, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը և ստորգետնյա կառույցները:
Եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, պետք է օգտագործել տեղանքի առանձնահատկությունները: Դրանք կարող են լինել տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ, խորշեր և այլն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։