ԳլխավորԼուր

Փաստաբանական դպրոցի 90 շրջանավարտներ արտոնագրեր են ստացել

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 90 շրջանավարտ 2021թ-ի դեկտեմբերի 6-ին ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր, տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Ողջույնի խոսքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նախ շնորհավորեց ՀՀ բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի առթիվ:

«103 տարի հայաստանյան փաստաբանությունը պայքարում է հանուն արդարադատության: Այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ ունենք կայացած, անկախ և միասնական ինստիտուտ: Հանդիսանալով քաղաքացիական հասարակության պարտադիր տարր՝ հայաստանյան փաստաբանությունը իր ուրույն տեղն է զբաղեցնում երկրի իրավական համակարգում: Այս կարգավիճակը բոլորիս՝ սեփական մասնագիտական առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի արդյունք է», -իր խոսքում նշեց Սիմոն Բաբայանը:

Սիմոն Բաբայանը նաև շնորհակալություն հայտնեց փաստաբանական դպրոցի տնօրենին և ողջ աշխատակազմին՝ ունկընդիրների ուսումնառությունը բարձր մակարդակով և պատշաճ որակով կազմակերպելու համար:

Փաստաբաններին շնորհավորեց նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, նշելով, որ իր պատկերացմամբ փաստաբանի հավաքական կերպարի կարևորագույն հատկանիշները՝ խոհեմությունը, արդարությունը, արիությունը, չափավորությունը, անկախությունը, ինչպես նաև սերն է մարդկանց հանդեպ, որոնցով փաստաբանը պետք է առաջնորդվի իր գործունեության ընթացքում:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը, Մարինե Ֆարմանյանը և Գայանե Դեմիրչյանը:

Ելույթներով հանդես եկան նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտներ Ստելլա Սայադխանյանը և Գայանե Գևորգյանը: Նրանք իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին և աշխատակազմին ուսումնառության գործընթացը պատշաճ որակով կազմակերպելու համար:

Ելույթներին հաջորդեցին փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման  արարողությունները: