ԳլխավորԼուր

Փաստաբանի որակավորում՝ առանց Փաստաբանական դպրոցում սովորելու

Հայաստանում նախատեսվում է վերանայել փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը. առանց Փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ և իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան և իրավաբանի առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նախագծով առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը, նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով, ինչը  հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել փաստաբանների կարգապահական վարույթները: Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները՝ հատկապես հանրային պաշտպանների գործունեության բնագավառում:

«Սահմանվում են պալատի նախագահի և խորհրդի անդամների՝ իրենց գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն և զսպվածություն դրսևորելու պահանջներ: Վերանայվում է նաև Փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության կարգը՝ նպատակ ունենալով բացառել ընտրությունների ընթացքում տարատեսակ կորպորատիվ շահերի առկայության ռիսկը»,- ասաց Մինասյանը:

Ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը, հստակեցվում է շահառուների անվճարունակության չափանիշները՝ բացառելու անհիմն դիմումների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ: Նախատեսվում են հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ՝ հանրային պաշտպան չհանդիսացող կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական կլինիկաների օժանդակությամբ: Սահմանվում են որոշ խրախուսական մեխանիզմներ փաստաբանների կողմից անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

«Նախագծով վերանայվում է նաև փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը: Արդյունքում առանց Փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ և իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան և իրավաբանի առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ նախագիծը քննարկել են փաստաբանների հետ, գրեթե 100-տոկոսանոց կոնսենսուս կա Փաստաբանական պալատի հետ: